ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Էր Գիր»

«Էր Գիր»
08.10.2024 | 10:29

Գրախոսությունս բանաստեղծ Նորայր Գրիգորյանի նոր լույս տեսած

«ԷՐ ԳԻՐ» սասունաբարբառ ժողովածուի մասին

ԱՂՈԹԱԳԻՐՔ ՍԱՍՈՒՆԱԿԱՆ

Երանելի Ակսել Բակունցը «վկայում էր». «Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր` նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը... Ինչքան հնանում ու մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ գորգը տանում էր գետը և լվանում էր, Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...»:

Ե՞րբ, ո՞ր պահից Նորայր Գրիգորյանը որոշեց իր տագնապներն ու հառաչանքը հնչեցնել սասուներեն՝ Սասնա տոհմիկ բարբառով: Թերևս այդպիսի բաները որոշելով չեն լինում, ինքնաբո՛ւխ են լինում: Այն պահին, երբ սոսկումով տեսավ, որ նորից երկիր ենք կորցնում, որ արդե՛ն կորցրել ենք ու նորից գաղթական դարձել՝ այդ պահից հին ու անմոռաց ցավին ավելացավ նո՛րը, հա՛ր և նմանը, ու նորոգ ցավը, անարցունք ողբն ու հառաչանքը հորդեց պապերի լեզվով: Չէ՞ որ պապերը այդ լեզվով էին ողբացել իրենց շեների, սարուձորի կորուստը ու իրենց անընդմեջ հեյ-վախ-հառաչանքը փոխանցել թոռուծոռին: Ո՞վ կերևակայեր, որ պապերիդ զգացածը ինքդ էլ պիտի զգաս, ոչ թե փորձես հասկանալ լսել-հիշելով, ինչպես արել ես գիտակցական տարիքից սկսած, այլ սեփական աչքերովդ տեսնես: Այ թե որ պահից սկսեց նորովի հառաչել Նորայր Գրիգորյանը, և նրա հետ հառաչեց Սասունի լեզուն:

Կար ժամանակ, երբ Սասունի բարբառը համայն հայության մեջ ընկալվում էր որպես ռազմի, պայքարի ու ազատամարտի լեզու: Այդ լեզվով էին մռնչում թուրքի դեմ առաջինը ծառացած սասունցի-տարոնցի ազատամարտիկները՝ Արաբոն ու Սերոբը, Մակարն ու Գևորգը… Այդ լեզվով էր իր քաջերին հաղթական մարտերի տանում Սասունում սասունցի դարձած շապինգարահիսարցի Անդրանիկը՝ Շապինանդը:

Իսկ հետո… Հետո պիտի այս առնական լեզուն դառնար կորուստի ու կսկիծի, կարոտի ու մորմոքի լեզու. «Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր…»:

Այդ կարոտներն ու մորմոքները զուր չանցան: Եկավ մի պահ, պատմական մի ակնթարթ, երբ ռազմի ու պայքարի լեզու դարձավ արցախերենը, Արցախի նույնքան հինավուրց ու նույնքան հմայիչ բարբառը: Արցախցու պատերազմիկ բարբառին անմիջապես արձագանքեցին հայոց աշխարհի բոլոր բարբառները, ու առաջիններից մեկը՝ Սասնո բարբառը՝ այն կրող քաջորդիներով: Ու բազմաբարբառ-համաբարբառ այդ պայքարով վերջապես երկիր ազատագրվեց: Բայց դա տևեց մի պահ, պատմական մի ակնթարթ: Իսկ հետո… ռազմի ու հաղթանակի լեզու արցախերենն էլ դարձավ կարոտի ու մորմոքի լեզու:

Ի՞նչ պիտի անի սասունցու թոռ պոետը, որ ինքն էլ վաղուց թոռների տեր է: Ո՞ւմ պիտի ապավինի, ո՞ւմ կանչը լսի, երբ էլ կանչող չկա: Ճիշտ այդպիսի մոլորված-թևաթափ ապրումների մեջ էր նրա տարաբախտ պապերից Խաչիկ Դաշտենցը, երբ հայացքը անհույս հառում էր Անդոկի ու Նեմրութի կողմերը ու աղոթքի պես մրմնջում.

…Մեծ կեռմաններում շփոթված անցորդ,

Դու երգ՝ մոռացված Անդոկի լանջին,

Ո՞վ է այդ սարի անունը հիշում,

Որ քեզ տուն կանչի…

Այնուամենայնիվ, դեռ չեն մարել Դաշտենցի հնչեցրած կանչերը, ռանչպարների կանչերը: Հեռացել են, խլացել են, բայց չեն մարել, ու Նորայր Գրիգորյանն ապավինում է նրա՛ն՝ Ափո Դաշտենցին: Այս ինքնատիպ ժողովածուն բացվում է հենց Խաչիկ Դաշտենցին նվիրված սասունաբարբառ բանաստեղծությամբ: Դաշտենցի մատնանշած ճամփան ճիշտ էր, շիտակ էր. այդ ճամփով էին նրա հետնորդները գնացել Բրաբիոն ծաղկի հետևից ու գտել Արցախը: Ու նույն այդ ճամփին է իր հայցքը հառում Նորայր Գրիգորյանը.

…Լուր իս, հուր իս ու ախպուր իս,

բադմը Մշո դաշտեն,

ցծու, ըսը՛ Արծախ ո՞ւր իս,

ջամպը ցծող Դաշտենծ:

Պա՛ծ զըմըր աճկեր, զե՛նկի հանը,

մենկ լը մըր հետ հաշտ չենկ,

վը՞ր զՄհերի տուռ գըպանը,

պածո՛ւ, Ապո Դաշտենծ:

Այս բանաստեղծությունը գրվել է 2023-ի սկզբին: Իսկ դրանից ամիսներ առաջ մեր հանրության մի հատված Երևանի փողոցներում երթեր էր անում ու «Զարթիր լաո» երգում: Այդ երթերում հանդիպել եմ Նորայրին, միասին քայլել ենք ու երգել՝ հույսով, որ «լաոն» վերջապես կարթնանա, ժողովուրդը կսթափվի մահացու թմբիրից: Բայց, ավաղ, դա էլ զուր անցավ, ոչ ոք էլ չզարթնեց, չսթափվեց, ու ազգակործան աղետը շարունակեց իր ասպատակությունը: Այդ օրերին էր, որ Նորայր Գրիգորյանը կերտեց ժողովածուում տեղ գտած մեկ այլ բանաստեղծություն. «Լաոն չիմնը»: Այն կարծես երգ լինի, երգ՝ դառնության ու թևաթափության: Այդ քերթվածքը նույնիսկ իր կրկներգն ունի, տպավորիչ մի քառատող, որ բանաստեղծական հյուսվածքում կրկնվում է երեք անգամ.

Օրոր ըսիս, օրոր չըսիս,

Մեգը- չէ՛լնի լաոն,

Մեգմը չըկը թշվառ քըծ իս,

Չե՞ղը քըծ ըն Չալոն:

Ժողովածուն երկու բաժին ունի՝ հայրեներգություն և սիրերգություն: Բայց դա թվացյալ բաժանում է: Արտաքուստ սիրային ներկայացվող բանաստեղծությունները ևս հայրենական-հայրենասիրականի լրացումն են, քանզի սիրած էակի գովքն անելիս էլ պոետը հոգով-մտքով պապերի երկրում է, կորած-հեռացած բնաշխարհում: Եվ գեղուհուն գովերգելիս ինչի՞ հետ պիտի համեմատի նրա հրապույրները, եթե ոչ պապենական եզերքների սար ու ձորի, դաշտ ու աղբյուրի: Ու այսպես ընթերցողի աչքի առաջ մեկիկ-մեկիկ երևութանում են դրախտային եզերքները՝ Խլաթն ու Մուշը, Վանն ու Սասունը, Անդոկն ու Մարաթուկը, Նեմրութն ու Պայթող աղբյուրը.

Ախճի՛գ, Խլատը խնձոր իս խորոդ,

քու շուրտ՝ քըծ Մըշու կակաջներ գարմիր,

աճկունկ՝ քըծ Վանը ճըրերու օրոր,

քու բոյ՝ քըծ Սասնը սարերն ին վայրի:

Քու ծեն՝ շաղկըղը Անդոկը գըկվու,

քու դոշ՝ Մարուտը պարծիգներ ջուխտագ,

քու քելկ՝ քըծ հուսին Նեմրուտը սարու,

քու հևք քըծ Պայտող ախպըրի զուլալ ագ:

Էրազի՞ս, թը՞ գաս, գըշողաս անդես

պանծրիգ սարերուծ, գանաճ տաշտերուծ:

Ախճի՛գ, չըգորի՛ս, մինճև իկամ դես,

օր քու շողկ թապի ըմ թած աճկերուծ:

ՈՒ այս զմայլելի պոետական հնարանքով՝ սիրած էակը սկսում է նույնանալ հայրենիքի հետ, դառնում հայրենիքի չափ սիրելի ու խնկարկելի: Այլ խոսքով, հայրենիքն է խտանում, դառնում սիրած էակ ու ընդմիշտ տեղավորվում պոետի հոգում:

Նորայր Գրիգորյանը միայն հոգով ու մտքով չէ, որ պատկերացնում է պապերի երկիրը: Նա գնաց էրգիր, որպես կարոտյալ ուխտագնաց եղավ Սասունում ու Մուշում, հասավ Վան ու Մհերի դուռ… Բոլոր-բոլոր նվիրական վայրերը դաջեց իր հոգում՝ հետագայում անթերի ու անվրեպ պատկերավորելու համար: Եվ եթե պիտի փառաբանի հայոց հեթանոս աստվածուհիներին, նախամայր Ծովինարին, ապա միա՛յն նրա համար, որ այդ աստվածային էակները ստեղծվել են հարազատ վայրերում.

Էրգու պուռ ճուր Վանա լջիծ.

մեգ լենկըծուգ, մեգ լը՝ գիսադ,

խըբար պերեկ Ձովինարիծ

Սասնը հավկեր դեսագ-դեսագ… («Ձովինար»)

Կամ՝

Քու մազերուծ լուս գըձորը,

գիճնի մեճկով քու պարալիգ,

քու աճըվդիկ Վանը ձովը,

շրտունկ՝ ձովու էլման ալիկ… («Անահիդ»)

Իհարկե, շատերը չեն հասկանալու այս լեզուն, շատերին էլ այս քերթվածքները թվալու են դժվարվերծանելի գրաբար աղոթքներ: Այսօր ընթերցող լայն շրջանակները նույնիսկ արևմտահայ գրական լեզվից ու դասական ուղղագրությունից են խուսափում, որովհետև չեն հասկանում, չեն ձգտում հասկանալ, և նրանց համար տոհմիկ բարբառը դժվար է լինելու «վերծանել»:

Բայց պե՛տք է կարդան, պարտավո՛ր են հասկանալ: Հենց թեկուզ նրա համար, որ այս լեզվով, այս ժայռակոփ բարբառով խոսել է ինքը՝ Սասունցի Դավիթը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ